ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փակուղում ապրելը հայերիս հոբբին է վաղուց

Փակուղում ապրելը հայերիս հոբբին է վաղուց
28.09.2012 | 13:31

Որևէ մեկը նկատե՞ց` ինչ սրընթաց հեռացավ սեպտեմբերը: ՈՒ առավոտները արդեն նույնիսկ ցուրտ է լինում: Նաև` գիշերները: Ինձ կառարկեն, որ սեպտեմբերը լավ էլ դժվար ու ծանր ամիս էր` սկանդալներով սկսվեց, ընթացքում էլ սկանդալների պակաս չկար. միայն հայտնի խորհրդակցությունը մեկ ամսվա քննարկման նյութ է, եթե լավ խորանաս: Նորից վառվեց ՀՀԿ-ի գրասենյակի տանիքը` նույն պատճառով: Ինչ-որ շատացել են հրդեհները Երևանում: Պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ եղան: Հետո՞: Բյուջեի կատարողականն են քննարկում պատգամավորները` նիստի սկզբում ակտիվ, հետո համարյա միայն զեկուցողներով, որովհետև ինչ եղել է` եղել է, ինչ չի լինելու` չի լինելու: Եվ հետո` կարևորը ապագան է` պատգամավորների համար: Կառավարությունն էլ հերթականությամբ նիստեր է գումարում: Հետո՞:

Ամենահետաքրքիրը, իհարկե, Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունն էր. Հայաստանի արտաքին գործերի նախարարարություն դիվանագիտական նոտա է հղվել առ այն, որ Հունգարիայի ԱԳՆ-ն շահագրգռվածություն է հայտնում դադարեցնելու ՀՀ-ի կողմից միակողմանի կարգով դիվանագիտական հարաբերությունների առկախումը` առանց նախապայմանների: Ինչ մեխանիկական լեզու է, չէ՞, դիվանագիտական լեզուն: Հետո էլ ասում են, թե դիվանագետներին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար: Իսկ ինչո՞ւ են նրանք ինչ ասես մտածում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը, օրինակ, Լոս Անջելեսում «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում ելույթ է ունենում ու ասում է, որ Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանի կայունությունը` ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով: Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է ներկայացված առաջարկությունները: Նա անդրադարձել է նաև Ռամիլ Սաֆարովին` ասելով, որ մարդասպանին ազատ արձակելն ու հերոսացնելը շոկ առաջացրին: Չգիտեմ` ամերիկացիներն ինչ են մտածել, բայց համատարած շոկի տպավորություն, այնուամենայնիվ, չկար. հավուր պատշաճի դատապարտումներ, և` ոչինչ: Էդուարդ Նալբանդյանը, իհարկե, գիտեր, բայց «թաքցրեց», որ շոկի հետևանքը պիտի լիներ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ նոր դատավարություն սկսելը կամ արտահանձնումը չեղյալ հայտարարելու պահանջը: Նա ասաց` ինչ ընդունված է ասել: Նույնիսկ այնպես բանաձևեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որ բոլոր խելոք հայերը հնարավորինս արագ պիտի Հայաստան վերադառնան, որովհետև այդպիսի քաղաքականություն վարող երկրից հեռանալը եթե հանցանք չէ, մահացու մեղք է:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են, ԱՄՆ-ի հետ` սերտ բարեկամական գործընկերություն է, Եվրամիության հետ` ակտիվ փոխգործակցություն, իսկ գործընկեր բազմաթիվ երկրների հետ ամուր հարաբերություններ ունենք: Եթե Լոս բնորոշումը Անջելեսում չլիներ, համարյա հեղափոխություն էր հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունների բնորոշումների համեմատությունը: Բայց իրականում դա էլ, ըստ էության, ոչինչ չի նշանակում: Համենայն դեպս, նշանակություն կարող է ձեռք բերել հեռանկարում:
ՀԱԿ-ը հանդես է եկել 2008-ի մարտի 1-ի սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Նախագիծը նախատեսում է ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դարձնել 2008-ի մարտի 1-ի սպանությունների, հարյուրավոր անձանց հրազենային և այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այդ դեպքերին պաշտոնատար անձանց և պետական կառույցների ունեցած առնչությունը: Նաև` ոստիկանության, հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների օրինականությունը: Հանձնաժողովին վերապահվում է պետական, քննչական մարմիններին և դատախազությանը հարցումներով դիմելու լիազորություն, այդ կառույցներն էլ պարտավոր են սեղմ ժամկետում պահանջված տեղեկատվությունը տրամադրել: Նախատեսվում է, որ հանձնաժողովում մեկական պատգամավորներ կլինեն բոլոր խմբակցություններից:
ՀԱԿ-ի նախաձեռնությունը, իհարկե, և՛ տրամաբանական է, և՛ օրինաչափ. խոստացել էին, չէ՞, խորհրդարանը ցնցել: Ցնցում են, ինչպես կարողանում են: Բայց կարելի էր ավելի խելամիտ լինել: Եվ ոչ այնքան նախաձեռնության իմաստով, որի առնչությամբ մյուս խմբակցությունները դեռ մտածելու են` միանա՞ն, թե՞ ոչ, թեպետ չմիանալու դեպքում հարց է ծագելու` ի՞նչ ունեն թաքցնելու: Խնդիրը նախաձեռնությունը չէ, որին ոչինչ չի հետևելու, ինչպես գործնականում ոչինչ չհետևեց նախորդ գումարման խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի գործունեության հետևանքով: Թեպետ մի առանձնահատկություն, այնուամենայնիվ, կա` նախորդ հանձնաժողովը գործում էր հետընտրական, այս հանձնաժողովը, որի ստեղծումը խիստ անհավանական է, գործելու է նախընտրական շրջանում: Եվ ուրեմն, համարյա հիանալի ու անսահմանափակ հնարավորություններ է բերում ոչ միայն ճշմարտությանը մոտենալու, այլև մեղավորներին: Իսկ դա այնքան խոստումնալից է: Խնդիրը, իսկապես էլ նախաձեռնությունը չէ, այլ այդ նախաձեռնությունը բարձրաձայնողը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը նաև զինվորական դատախազ է եղել: Եվ թեպետ խորհրդարանի դահլիճը վերակառուցվել ու գրեթե անճանաչելի փոխվել է, բայց հենց այդ նույն դահլիճում էր հրավիրված հոկտեմբերի 27-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին սպասում էին առանց բացառության բոլորը` դահլիճից ներս, թե դուրս: Զեկուցողը զինդատախազն էր: Իսկ նա եկավ և ասաց, որ ոչինչ չունի ասելու: Արգելել էին: Նախագահն էր արգելել` ինչպես չասվեց, բայց հասկացվեց: Իսկ նա ուներ ընտրություն` հրաժարական տալու և խոսելու, եթե ինչպես հայտարարել էր` ասելիք ուներ, բայց շարունակեց բարեհաջող պաշտոնավարել: Հետաքրքիր է` ինչի՞ մասին լռելու համար: ՈՒրեմն` ի՞նչ վստահություն կարող է ունենալ մի հանձնաժողով, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը նորից ունենալու է լռելու կամ խոսելու ընտրություն: Եթե թվաց, որ այս վերաբերմունքով ճանապարհ չենք գտնելու ու հերթական փակուղին ենք մտնելու ընդամենը, հետո ինչ: Վաղուց արդեն փակուղում ապրելը հայերիս հոբբին է դարձել: Այնքան վաղուց ու այնքան համառ, որ մենք արդեն ուղիղ ճանապարհի հմայքներն ու հարմարավետությունը մոռացել ենք պարզապես: Մեզ պետք են զարտուղիներ, զիգզագներ, շրջադարձեր ու հանդիպակաց երթևեկություն կարմիր լույսի տակ, որովհետև մեր ճանապարհների լուսացույցերի վրա կա երեք միագույն լամպ միայն` կարմիր, կարմիր, կարմիր: Բայց երթևեկում ենք, չէ՞:
Իսկ այն տրամաբանական դիտարկումը, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում չի կարող ընդդիմության միասնական թեկնածու լինել, որովհետև ընդդիմություն չէ, համոզիչ չէ: Գագիկ Ծառուկյանը մի տասն անգամ կհասցնի մինչև 2013-ի փետրվար այլընտրանքի դերից դուրս գալ ու վերադառնալ, եթե ցանկանա, և եթե ցանկանան: Բայց նա կգերադասի հնարավորինս ձգել այլընտրանքության շահեկանությունը և իրերն ու երևույթները կոչել ոչ թե իրենց անուններով, այլ իրեն հարմար, ասենք` զենքը կանվանի հեռախոս, հեռախոսը` կրակվառիչ, ու` այդպես:
2014-ին նախագահական ընտրություններ են լինելու Թուրքիայում: Հիմա թուրքերի մեծամասնությունը գերադասում է նորից նախագահ ունենալ Աբդուլլահ Գյուլին: Թուրք սոցիոլոգները հարցում են անցկացրել` պարզելու Աբդուլլահ Գյուլի և Էրդողանի շանսերը: Հարցվածների 60 տոկոսը կցանկանար ևս մեկ ժամկետ Գյուլին ունենալ նախագահ, մեկ երրորդը դեմ է Գյուլի վերընտրությանը: «Ո՞Ւմ եք ուզում ընտրված տեսնել նախագահի պաշտոնում 2014-ին» հարցին 21 տոկոսը պատասխանել է Գյուլին, 18 տոկոսը` Էրդողանին: Այսինքն` 2015 թվականին նրանցից մեկնումեկը իբրև նախագահ պատմական շանս կունենա 100 տարի հետո բաց աչքերով նայելու ոչ միայն իր ժողովրդի անցյալին, այլև պետության գործած ոճիրներին: Թեպետ հազիվ թե նրանցից որևէ մեկն այդ շանսը ցանկանա ու կարողանա օգտագործել: Պատմությունը ոչ բոլորին է տալիս պատմություն գրելու իրավունքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փարիզում Պոմպիդուի կենտրոնի դիմաց կանգնեցվել է Զինեդին Զիդանի արձանը` իտալացի Մարկո Մատերացիին գլխով հարվածելիս: 2006-ին աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ Մատերացին հայհոյեց Զիդանին, Զիդանը գլխով խփեց նրան, հեռացվեց դաշտից, Իտալիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին, Զիդանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ և հեռացավ ֆուտբոլից, երկու տարի անց Մատերացին գիրք գրեց` «Ի՞նչ էի ես իրականում ասել Զիդանին»: Դժվար է ասել` արձանը Զիդանի՞ն է նվիրված, թե՞ Մատերացիին: Երկուսն էլ համոզիչ են ու հմայիչ: Եվ վեց տարի անց կանգնեցված արձանը վկայում է ոչ այնքան ֆրանսիացիների հումորը, որքան վրեժը 2006-ի պարտության դիմաց: Ինչ էլ գրի Մատերացին: Ի՞նչ կապ ունի արձանը Հայաստանի ու Էդուարդ Նալբանդյանի, մարտի 1-ի, Գագիկ Ծառուկյանի և այլոց հետ: Ոչ մի: Աշխարհում աշուն է պարզապես: Իսկ եթե լավ մտածենք, հաստատ ունի, այլապես Իլհամ Ալիևը Լուվրում իսլամական արվեստ չէր գովազդի: Հետաքրքիր է, Ռամիլ Սաֆարովին ինչո՞ւ չէր տարել Լուվրը ցույց տալու:

Դիտվել է՝ 6414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ